Skip to content Skip to sidebar Skip to footer
ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

Ժամանակակից գիտությունը (հումանիտար և բնական) գտնվում է զարգացման բարձր մակարդակի վրա: Գոյություն ունի թյուր համոզմունք, որ գիտությունը կարող է զարգանալ հոգևոր-բարոյական սկզբունքներից անկախ: Մարդկային նորմալ կյանքի վերածննդի համար հարկավոր է վերադառնալ գիտական իմացության ու հոգևոր արժեքների կորսված կապին:

Գերմանացի ֆիզիկոս, 1954 թվականի Նոբելյան դափնեկիր Մաքս Բորնն իր «Իմ կյանքը և հայցքները» գրքում գրում է. «Դեռ ոչ ոք միջոցներ չի գտել մարդկային հասարակության կայունության համար՝ առանց ավանդական էթիկական սկզբունքների օգնության, և ոչ ոք չգիտի, թե գիտական մեթոդներով ինչպես պետք է հիմնավորել ավանդական էթիկական նորմերը»: Այնուհետև նա շարունակում է. «Քրիստոսը սովորեցնում էր, թե մարդն ինչպես պետք է վերաբերվի մարդուն»:

Մեր համոզմամբ` Աստծո նկատմամբ հավատքը բարոյական նորմերի համակարգի համար կայուն և անփոփոխ հիմք է ստեղծում: Անգամ աթեիստական բարոյական դաստիարակության շատ հիմունքներ փոխառված էին Աստվածաշնչից: Ռացիոնալիզմի և աթեիզմի կողմից գիտության և հավատքի միջև հակասության գաղափարախոսության շեշտադրման նպատակը մարդկային կյանքից ու պրակտիկայից կրոնի և հավատքի վերացումն է եղել:

Մինչդեռ գիտությունն ու մշակույթն իրենց առաջացման համար պարտավոր են կրոնին. դրանք կյանք են ստացել նրա ներսում դեռևս վաղ ժամանակներում, կային և գոյություն ունեն մինչ այսօր, կապված են սերտ կապերով և համագործակցում են միմյանց հետ: Գիտությունն ու փիլիսոփայությունն առաջացել են աշխարհի հանդեպ կրոնական հայացքներն իմաստավորելու փորձերից:

Միջին դարերում Եկեղեցին մնացել էր միակ մշակութային օջախը Եվրոպայում, որ պահպանել էր անտիկ գիտության սերմերը: Վանական միաբանությունները հավաքում էին հնագույն գրականությունը` իրենց պատերի ներսում համատեղելով այդ դարաշրջանի գիտության բոլոր գանձերը:

Մենք կարող ենք համոզված լինել հետևյալում.

  1. Պատմության գրեթե ողջ ընթացքում կրոնն ու գիտությունը կարող էին ազատ զարգանալ` առանց խոչընդոտելու միմյանց: Գիտությունն ուսումնասիրում է, այսպես կոչված, տեսանելի աշխարհը ժամանակատարածային կատեգորիաներում: Նրա ուսումնասիրության առարկան նյութական տիեզերքն է: Իսկ կրոնը աշխարհը բացատրում է վերբնական և հավատամքային կատեգորիաներով, որը նույնպես իրականության ճանաչման կերպ է։
  2. Գիտությունը և գիտական մեթոդը բնության մեջ տեղի ունեցող պրոցեսների և դրանցում գործող օրենքների հայտնաբերումը և հավաքագրումն է, պարզապես փաստերի գրանցումը և արձանագրումը, որոնք հիմք կարող են հանդիսանալ ապագա հայտնագործությունների համար։ Կրոնական մեթոդը Աստծո կողմից դրված սկզբունքներով և չափանիշներով աշխարաճանաչումն է հատկապես նրա անտեսանելի հոգևոր բնույթի ճանաչումը, որի մեջ գիտությունը անելիք չունի, ինչպես նաև գիտական ձեռքբերումները չեն կարող որևե կերպ օգտագործվել կրոնի համար որպես քարոզվող դրույթների հիմնավորման միջոցներ։ Եբրայեցիս 11։3

«Ինչ որ Աստծո մասին պետք է իմանալ` իրենց մեջ հայտնի է, որովհետև Աստված նրանց հայտնեց: Քանզի աներևույթ բաները աշխարհի սկզբից ստեղծվածներով կիմացվեն, կտեսնվեն, այսինքն Իր մշտնջենավոր զորությունը ու աստվածությունը…» (Հռոմ. 1.19, 20):

Անհրաժեշտ է հատուկ նշել, որ լոկ բնագիտության փաստերի վրա կառուցված «աշխարհայացք» գոյություն չունի: Կյանքի, բարու և չարի նշանակության բարձրագույն կատեգորիաները վերաբերում են հավատքի ոլորտին: Կրոնը մարդուն տալիս է գիտելիք այն մասին, թե ինչի համար է նա ապրում: Գիտությունը չի կարող պատասխանել այս հարցին, այն ուղղակի փորձում է հասկանալ` ինչպես է ստեղծված նյութական աշխարհը: Գիտության ուսումնասիրման ոլորտը մեծ մասամբ գաղափարի ոլորտն է: Բայց մարդը չի կարող և չպետք է սահմանափակի իրեն միայն այդ ոլորտով: Կրոնական աշխարհայացքը մի ամբողջական շրջան է, որում գտնվում է մարդկային ողջ կյանքը` ներառյալ գիտության ծարավը, բնական աշխարհի գիտական փորձառությունները:

Բարոյական արժեքների հանդեպ գիտնականի անտարբերությունը մեծ վտանգի աղբյուր կարող է դառնալ հասարակության համար: Մաքս Բորնը նույն գրքում գրում է. «Դրա համար բավական կլիներ ամբողջ լրջությամբ վերաբերվել Քրիստոսի ուսմունքին և չարն ու բարին չափել ոչ թե ազգային, այլ համամարդկային չափով: Պատմության մեջ դեռ երբեք այս պահանջն այսքան ստիպողական չի եղել, դեռ երբեք այն կատարելուց հրաժարվելու դեպքում պատիժն այսքան ակնհայտ չի եղել»: Այսպիսով` գիտությունն ու կրոնը` իրականության բացահայտման այս երկու ուղիները, պետք է հատվեն բարոյական ընկալումների դաշտում, նրանք պետք է նպաստեն մարդկության ընդհանուր առաջընթացին դեպի ճշմարտության ուղին: Մենք գտնում ենք, որ գիտությունը և հավատքը մարդկային էության, կյանքի և գործունեության իրարից տարբերվող, սակայն միմյանց չհակասող և փոխադարձ լրացնող ոլորտներին են վերաբերում, և դրանց ներդաշնակ ու ազատ զարգացումը կենսական նշանակություն ունի մարդկության համար:

Միևնույն ժամանակ, չնայած քրիստոնեության և գիտական հետազոտությունների համագործակցության դրական ազդեցությանը` ներկայումս ավելի շատ խորացումներ են նկատվում դեպի աշխարհականացված գաղափարախոսությունների գիտություն: Գիտությունը դուրս է գալիս հոգևոր ազդեցության տիրույթից և խզում է կապը հոգևոր-բարոյական արժեքների հետ, ինչն էլ ծանր հետևանքների է հանգեցնում, ինչպիսիք են, օրինակ` էկոլոգիական ճգնաժամերը: Նման բացասական հետևանքները կաճեն ժամանակակից հասարակության գիտատեխնիկական զարգացման հիմքում դրված սխալ սկզբունքի պատճառով: Այդ սկզբունքը հիմնվում է կանխամտածված որոշման վրա, որ հասարակության զարգացումը չպետք է սահամանափակված լինի որևէ բարոյական, փիլիսոփայական կամ կրոնական պահանջով: Սակայն նման «ազատության» պարագայում գիտատեխնիկական զարգացումը հայտնվում է մարդկության արատների` փառասիրության, հպարտության, շահասիրության և առավել հարմարավետության իշխանության ներքո: Դա խախտում է կյանքի հոգևոր ներդաշնակությունը` այստեղից բխող բոլոր հետևանքներով հանդերձ: Այսօր մարդկային կանոնավոր կյանքն ապահովելու համար անհրաժեշտ է վերադառնալ դեպի գիտության և հոգևոր-բարոյական արժեքների կապին, և մարդուն զուտ սոցիալական էակ դիտելուց բացի նրան դարձնել հոգևոր անհատ ՝ հոգևոր և ավանդական բարոյական արժեքների կրող:

Եկեղեցին զգուշացնում է մարդուն՝ գիտությունը որպես բարոյական սկզբունքներից միանգամայն անկախ ոլորտ դիտարկելու գայթակղությունից: Կյանքի ավետարանական նորմերը հնարավորություն են տալիս անհատին դաստիարակելու այնպես, որ նա ստացած գիտելիքները չօգտագործի որպես չարիք: Եկեղեցին և գիտությունը կանչված են համագործակցելու հանուն երկրի վրա կյանքի փրկության և անհրաժեշտ կենսամակարդակի ապահովման:

Եկեղեցին նախազգուշացնում է` չփորձել մարդու ներաշխարհի վրա հսկողություն սահմանել` օգտագործելով գիտության և տեխնիկայի նվաճումները, ներշնչման և մարդկային գիտակցության ու ենթագիտակցության մենաշնորհման ինչ-որ տեխնոլոգիաներ ստեղծելը, քանի որ յուրաքանչյուր մարդ պատկանում է միայն Տեր Աստծուն և Նրա անգին սեփականությունն է: Այդ պատճառով Եկեղեցու տեսանկյունից կենսաբուժության շատ տեխնոլոգիաներ ու փորձառություններ անթույլատրելի են: Նկատի ունենք արհեստական վիժեցումը, մարդու կլոնավորումը, էվթանազիան, սեռի փոփոխումը և այլն:

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՆԴԵՊ

Մշակույթը հասարակական կյանքի անբաժանելի մասն է: Աստված մարդու մեջ դրել է հսկայական ստեղծագործական ներուժ: Դրանով է բացատրվում ազգերի մշակութային հսկայական ձեռքբերումները և դրանց բազմազանությունը:

Արվեստի լավագույն ստեղծագործություններն ընդունակ են ուղղորդել մարդու միտքը և զգացմունքները հոգևոր բարձրագույն արժեքներին, նպաստել Աստվածորոնմանը:

Հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը բավականաչափ հարուստ է և արժանավայել տեղ է գրավում համաշխարհային մշակույթի գանձարանում:

Այնուամենայնիվ, մշակույթն ինքնին ի զորու չէ արմատախիլ անել մարդու մեղանչական բնույթը և նրան հասցնել հոգևոր վերածննդին: Չնայած մարդու վիթխարի ստեղծագործական ներուժին, հատկապես գեղեցիկի ստեղծման գործում տաղանդավոր և հանճարեղ մարդկանց մեջ դրա ցայտուն դրսևորմանը, նրան զերծ չի պահել թուլություններից և մեղանչականությունից: Այդ պատճառով մշակույթի որոշ երևույթներ (հատկապես ժամանակակից) արտահայտում են այնպիսի արժեքներ և տեսակետներ, որոնք խորթ են քրիստոնեությանը, երբեմն նույնիսկ թշնամական են նրան, ինչը չի կարող չմտահոգել մեզ:

Ժամանակակից շահադիտական արվեստի ջատագովները ստեղծագործական գործընթացն իջեցրել են փեշակի մակարդակի, որտեղ հաջողությունը չափվում է ոչ թե որակով, այլ` շահութաբերությամբ:

Շահեկան գործարքները մշակույթի որոշ գործիչների հասցրել է այն բանին, որ իրենց ընդունակությունը ծառայեցնեն մարդկային ցանկությունների, դաժանության և սարսափի քարոզմանը:

Այդ իսկ պատճառով մենք ձգտում ենք նպաստել արվեստի մեջ քրիստոնեական արժեքների ներթափանցմանը և հաստատմանը: Մենք ողջունում ենք մշակույթի քրիստոնեական գործիչների գործունեությունը` պայմանով, որ դրանք երբեք դուրս չեն գա քրիստոնեական հավատի և բարոյականության շրջանակներից:

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

Քրիստոնյա անհատի կատարյալ, ներդաշնակ և ինտելեկտուալ զարգացման հարցերում Աստծո և պետության առջև մեր ունեցած պատասխանատվությունը գիտակցելով՝ մենք խրախուսում ենք աշխարհիկ և հոգևոր կրթության բոլոր տեսակների տիրապետումը:

Կրթության բովանդակությունը պետք է միտված լինի մարդկանց, ժողովուրդների, տարբեր ռասայական, ազգային, էթնիկական, կրոնական և սոցիալական խմբերի միջև փոխըմբռնմանն ու համագործակցությանը, հաշվի առնի աշխարհայացքային մոտեցումների տարբերությունները:

Միությունն անթույլատրելի է համարում ուսումնական հաստատություններում բռնության, թշնամության և ատելության, ազգային, սոցիալական ու կրոնական թշնամանքի քարոզչությունը: Անհանդուրժելի է նաև աշխարհիկ կրթական հաստատություններում որևէ կրոնի ներկայացումը որպես միակ ընդունելի կամ միակ ճշմարիտ:

Փաստորեն, մարդկության պատմության մեջ հիմնարար և կիրառական գիտությունների հայտնագործությունների զգալի մասը կատարվել են հոգևոր ծառայողների և հավատացյալ գիտնականների կողմից: Այդուհանդերձ, հետևելով բազմադարյա ավանդությանը՝ Միությունը հարգում է աշխարհիկ դպրոցը և պատրաստ է կառուցել իր փոխհարաբերությունները նրա հետ` ելնելով աշխարհիկ կրթության ազատության ճանաչումից: Միևնույն ժամանակ, Միությունը անընդունելի է համարում սովորողների հանդեպ մտածված կերպով գործադրվող պարտադրանքը՝ ընդունելու հակակրոնական ու հակաքրիստոնեական գաղափարները և աշխարհի հանդեպ մատերիալիստական հայացքների մենաշնորհի պնդումը: Նա նախազգուշացնում է մերժել օկուլտային, նեոհեթանոսական ազդեցությունների վտանգի ներթափանցումը դպրոց: Ուսուցիչները երեխաներին հատուկ կարգապահություն սովորեցնելու հետ մեկտեղ պետք է խրախուսեն նրանցում ճշմարտության, բարոյականության, մերձավորի և հայրենիքի հանդեպ սիրո ձգտումը:

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Քրիստոնեական կրթությունը ՄԻությանն անդամակցող եկեղեցիների անբաժանելի մասն է կազմում: Տեր Հիսուս Քրիստոսը հավատացյալներին մեծ պատվիրան է տվել.

«Ուրեմն գնացե՛ք բոլոր ազգերը աշակերտեցե’ք, մկրտե’ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Սովորեցրե՛ք նրանց, որ այն բոլոր բաները պահեն, ինչ որ ես ձեզ պատվիրեցի: Ահա ամեն օր Ես ձեզ հետ եմ, մինչև աշխարհի վերջը» (Մատթ. 28.19, 20):

Պայմանականորեն քրիստոնեական կրթությունը կարելի է բաժանել պաշտոնականի և ոչ պաշտոնականի: Վերջինին են պատկանում եկեղեցական ծառայության տարբեր տեսակները՝ ջրի մկրտության պատրաստությունը, տնային փոքր խմբերը, սեմինարները, տարբեր մակարդակների համաժողովները և այլն:

Քրիստոնեական պաշտոնական կրթությունն իր մեջ ներառում է ուսումնական ծրագրերը, որոնց նպատակն է հոգևոր ծառայողների և շարքային անդամների աստվածաբանական գրագիտության մակարդակի բարձրացումը` համապատասխան վկայականների և դիպլոմների վավերացումներով:

Քրիստոնեական պաշտոնական կրթության ծրագրերը կազմվում են՝ հաշվի առնելով երկրի և համաշխարհային կրթական համակարգի համընդհանուր պահանջները` որոշակի ոլորտում (աստվածաբանություն, հովվական խնամատարություն, երաժշտական ծառայություն և այլն) մասնագիտական պատրաստության բակալավրի և մագիստրոսի աստիճանի շնորհմամբ: Քրիստոնեական պաշտոնական կրթության խնդիրն է յուրաքանչյուր քրիստոնյայի տալ այնպիսի որակավորում, որը նրան թույլ կտա արդյունավետ կերպով գործել Եկեղեցու համար:

© Credo.am 2024. Բոլոր իրավունքները պաշտպանված են