Skip to content Skip to sidebar Skip to footer
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՅԱՑՔԸ ՄԱՐԴՈՒՆ

Աստված մարդուն (ինչպես տղամարդուն, այնպես էլ կնոջը) ստեղծել է յուրահատուկ` Իր պատկերով և նմանությամբ: Տերը օրհնում է ամուսնական կապը` որպես մարդկության սերնդի շարունակության միջոց (Ծննդ. 1.28): Տղամարդն ու կինը կարիք ունեն միմյանց հետ հարաբերման և փոխլրացման (Ա Թեսաղ. 5.23, Գործք 4.23, Ա Կորնթ. 3.18):

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ

Հռոմեական իրավունքի համաձայն, որն ընկած է ժամանակակից պետություններից շատերի քաղաքացիական իրավունքի հիմքում, ամուսնությունը հանդիսանում է իրենց ընտրության մեջ ազատ տղամարդու և կնոջ համաձայնություն: Միությունը, ճշմարիտ համարելով ամուսնության սույն սահմանումը, միաժամանակ այն իմաստավորում է Սուրբ Գրքի լույսի ներքո:

Քրիստոնյաների համար ամուսնությունը ոչ միայն իրավաբանական պայմանագիր է, սերնդի շարունակության միջոց և բնական պահանջների բավարարում: Ամուսնացող քրիստոնյաները խնդրում են եկեղեցական օրհնությունը և հաղորդություն են ընդունում, որն ամուսնական խորհուրդ կատարելու հնագույն ձև է:

Քրիստոսի Մարմնի անդամներ հանդիսացող ամուսինների հավատքի ընդհանրությունը կազմում է ճշմարիտ քրիստոնեական ամուսնության կարևոր պայմանը: Միայն հավատքի մեջ միաբան եղող ընտանիքը կարող է դառնալ տնային եկեղեցի (Հռոմ. 16.4, Փիլիպ. 1.2), որտեղ ամուսինն ու կինը երեխաների հետ միասին աճում են Աստծո ճանաչելիության մեջ: Միակարծիքության բացակայությունը լուրջ վտանգ է ամուսնական միության ամբողջականության համար: Հենց այդ պատճառով է Համագործակցությունն իր պարտքը համարում` հավատացյալներին կոչ անել` ամուսնանալու միայն Տիրոջ մեջ (Ա Կոր. 7.39), այսինքն` նրանց հետ, ովքեր կիսում են իրենց քրիստոնեական համոզմունքները:

Միությունը պնդում է ամուսինների ցմահ հավատարմությունը և ամուսնությունը չբաժանելը` հիմնվելով Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերի վրա.

«… Այն, որ Աստված միավորեց, մարդը թող չքանդի… Ով որ առանց պոռնկության պատճառի իր կնոջը արձակի և ուրիշին առնի, շնություն կանի: Եվ ով որ արձակվածին առնի, շնություն կանի» (Մատթ. 19.6-9):

Միությունը դատապարտում է ամուսնալուծությունը որպես մեղք, քանի որ դա բերում է ծանր տառապանքներ և’ ամուսիններին, և’ հատկապես երեխաներին: Ժամանակակից հասարակությունում ամուսնությունների զգալի մասը բաժանվում է, հատկապես երիտասարդների շրջանում: Կատարվածը միանգամայն ողբերգություն է դառնում տվյալ անհատների և ողջ ազգի համար:

Աստվածաշունչն ապահարզանի համար թույլ է տալիս միայն երկու հիմք՝

  • պոռնկությունը, որը պղծում է ամուսնության սրբությունը և քանդում է ամուսնական հավատարմության կապերը, 
  • անհավատ կողմի բաժանվելու ցանկությունը (Ա Կորնթ. 7.15):

Միությունը իր խնդիրն է տեսնում նրանում, որ ունեցած բոլոր հնարավորություններով պահպանի ամուսնության ամբողջականությունը և կանխի բաժանությունը: Հոգևոր սպասավորները նույնպես կանչված են զրույցներ անցկացնելու ամուսնանալ ցանկացողների հետ` բացատրելով նրանց որոշվող քայլի ողջ նշանակությունն ու պատասխանատվությունը:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՆՈՋ ԵՎ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԵՐԸ

Ընտանեկան փորձը մարդուն օգնում է հաղթահարել եսասիրությունը և առողջ քաղաքացիության հիմքեր է գցում: Հատկապես ընտանիքում են ձևավորվում ճիշտ հարաբերությունները մտերիմների, որն էլ նշանակում է ընդհանուր առմամբ հասարակության հետ: Անհատականության ձևավորման գործում ընտանիքի դերը բացառիկ է, դրան չեն կարող փոխարինել սոցիալական այլ համակարգերը:

Ժամանակակից հասարակության համար լուրջ խնդիր է դարձել որբությունը կենդանի ծնողների առկայությամբ: Մանկատները համալրող, իսկ երբեմն էլ ուղղակի փողոցում հայտնվող լքված երեխաները հասարակության խորին հիվանդության կենդանի վկայությունն են: Այդպիսի երեխաներին հոգևոր, սոցիալական և նյութական օգնություն ցուցաբերելով՝ Միությունը միևնույն ժամանակ ուղղում է իր ջանքերը ընտանիքի ամրապնդման, ծնողների կողմից իրենց առաքելությունը կատարելու վրա, ինչը հնարավորություն կտա կանխել լքված երեխայի ողբերգությունը:

Նախաքրիստոնեական աշխարհում գոյություն ուներ ընկալում, որ կինը տղամարդու համեմատ ավելի ցածր դիրքում է գտնվում: Քրիստոսի Եկեղեցին ամբողջությամբ բացահայտել է կնոջ արժանապատվությունն ու բարձր կոչումը: Եկեղեցում կինը ակտիվ մասնակցություն ունի կազմակերպչական, արտաեկեղեցական քարոզչական, դաստիարակչական, միսիոներական, բարեգործական աշխատանքներում:

Բարձր գանահատելով կանանց դերը և ողջունելով նրանց քաղաքական, մշակութային և սոցիալական իրավահավասարությունը տղամարդկանց հետ` Համագործակցությունը միաժամանակ չի արդարացնում կնոջ՝ որպես ամուսնուհու և մոր դերի ցածրացման միտումը:

Տղամարդն ու կինը Աստծո և հասարակության առջև հավասար են իրենց արժեքավորմամբ, բայց դա չի վերացնում նրանց բնական տարբերությունը և չի դարձնում նրանց կոչումը միանման ինչպես ընտանիքում, այնպես էլ հասարակությունում: Միությունը կնոջ կոչումը տեսնում է ոչ թե տղամարդուն ուղղակի նմանվելու և նրա հետ մրցակցելու, այլ Տիրոջ կողմից կնոջը տրված կարողությունների զարգացման մեջ:

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ

Միությունը կոչ է անում բարոյական մաքրության: Սեռական սանձարձակություններն անխուսափելիորեն քայքայում են մարդու կյանքը` ծանր հարված հասցնելով նրա հոգեկան և ֆիզիկական առողջությանը: Առևտրային, սեռական կամ այլ նպատակներ հետապնդող սեռական հակումների շահագործում հանդիսացող պոռնոգրաֆիան նպաստում է հոգևոր և բարոյական անկմանը՝ դրանով իսկ մարդուն իջեցնելով մինչև անասնական մակարդակի, որն առաջնորդվում է միայն բնազդով:

Հասարակական արատների քարոզչությունը հատկապես վնաս է հասցնում երեխաների և դեռահասների չհաստատված հոգիներին: Միությունը կոչ է անում հավատացյալներին համագործակցել բոլոր բարոյապես առողջ ուժերի հետ և ընդդիմանալ այդ սատանայական գայթակղության տարածմանը, որը քայքայում է ընտանիքներն ու կործանում հասարակության հիմքերը:

«Ով կնոջը կնայի նրան ցանկանալու համար, արդեն նա իր սրտի մեջ շնություն արեց նրա հետ» (Մատթ. 5.28):

«Ցանկությունը հղանալով մեղք է ծնում, և մեղքը, որ կատարվի, մահ կծնի» (Հակ. 1.15):

«Պոռնիկները… Աստծո Արքայությունը չեն ժառանգի» (Ա Կորնթ. 6.9, 10):

Միությունը ամենևին էլ կոչ չի անում զզվել մարմնից կամ սեռական մերձեցումից որպես այդպիսին: Աստված օրհնում է սեռական հարաբերությունները ամուսինների միջև, որտեղ դրանք դառնում են սիրո և կնոջ ու տղամարդու միաբանության արտահայտում, մարդկային սերնդի շարունակության աղբյուր:

Միությունն անփոփոխ կերպով դատապարտում է պոռնկությունը և, այսպես կոչված, ազատ սիրո քարոզչությունը, որոնք տղամարդու և կնոջ միջև մաքուր հարաբերությունները, ինչպես նաև հենց մարդկային մարմինը վերածում են ստոր շահագործման և առևտրի, եսասիրական ու պիղծ բավարարության առարկա:

Գիտակցելով, որ դպրոցը ընտանիքի հետ մեկտեղ պետք է երեխաներին և դեռահասներին որոշակի գիտելիքներ տա սեռերի հարաբերությունների և մարդու մարմնական բնության մասին, Համագործակցությունը չի կարող աջակցել «սեռական լուսաբանության» այն ծրագրերը, որոնք նորմ են ընդունում արտամուսնական կապերը, առավել ևս՝ տարբեր այլասերությունները: Միանգամայն անընդունելի է աշակերտներին նման ծրագրով ուսման պարտադրումը: Դպրոցը կանչված է դիմակայելու արատին, դաստիարակելու բարոյական անձ, որը պատրաստ կլինի կառուցելու հավատարմության և մաքրության վրա հիմնված ամուր ընտանիք:

© Credo.am 2024. Բոլոր իրավունքները պաշտպանված են