Skip to content Skip to sidebar Skip to footer
ՏԵՍԱՆԿՅՈՒՆԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Միությունը գիտակցում է իր պատասխանատվությունը բնապահպանական խնդիրների հարցում և խորին մտահոգություն է արտահայտում ժամանակակից քաղաքակրթության կողմից հարուցված խնդիրների վերաբերյալ:

Այսօր վնասված են երկրագնդի հողը, ջուրը, օդը, կենդանական և բուսական աշխարհը: Բնական միջավայրի համատարած աղտոտումը արտադրական թափոններով, սխալ բնատնտեսությունը, անտառների և հողային ծածկույթի վերացումը հանգեցնում են կենսաբանական ակտիվության ճնշմանը, կյանքի գենետիկ բազմազանության սահմանափակմանը: Սպառվում են ընդերքի անվերականգնելի հանքային ռեսուրսները, կրճատվում են մաքուր ջրի պաշարները, առաջանում են բազմաթիվ վնասակար նյութեր, որոնք կուտակվում են կենսամթնոլորտում: Էկոլոգիական հավասարակշռությունը խախտված է, մարդկությունը կանգնած է համընդհանուր բնապահպանական աղետի շեմին:

ՄԱՐԴԸ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ

Մարդու և շրջակա բնության միջև ներդաշնակությունը խախտվել է դեռևս վաղնջական ժամանակներում: Դրա պատճառ է հանդիսացել մարդու մեղանչումը: Մարդու հոգում ծնված մեղքը կործանարար ազդեցություն ունեցավ ոչ միայն նրա, այլ նաև ողջ աշխարհի վրա: Բնության հանդեպ իրենց վերաբերմունքի մեջ մարդիկ սկսեցին ավելի հաճախ ղեկավարվել եսասիրական, սպառողական մղումներով և ամենաթողությամբ:

Միությունը կոչ է անում ավելի լուրջ պատիժ կիրառել բնությանը հասցված վնասների համար, միջազգային լայն համագործակցության հիման վրա միաբանել ուժերը շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ: Բնապահպանական հարցերում Եկեղեցու դիրքորոշման գլխավոր սկզբունքներից մեկը Աստծո կողմից արարված աշխարհի միասնականության և ամբողջականության սկզբունքն է: Բուսական, կենդանական և մարդկային աշխարհը փոխկապակցված են: Բնությունը եսասիրական և անպատասխանատու օգտագործման համար նախատեսված ռեսուրսների շտեմարան չէ, այլ՝ տուն, որտեղ մարդը ոչ թե տեր է, այլ կառավարիչ, ինչպես նաև տաճար, որտեղ նա քահանա է՝ ոչ թե բնությանը, այլ Արարչին ծառայող:

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ՃԳՆԱԺԱՄԵՐԻ ԿԱՊԸ

Էկոլոգիական խնդիրները, ըստ էության, մարդաբանական բնույթ են կրում. դրանք ծագել են մարդու, այլ ոչ թե բնության կողմից: Այդ պատճառով էլ շրջակա միջավայրի ճգնաժամից առաջացած շատ հարցերի պատասխանները պահվում են մարդու հոգում և ոչ թե տնտեսության, կենսաբանության, տեխնոլոգիաների կամ քաղաքականության ոլորտներում: Բնությունն այլակերպվում կամ կործանվում է ոչ թե ինքն իրեն, այլ մարդու ազդեցության ներքո:

Մարդաբանության և էկոլոգիայի կապը պարզորոշ կերպով բացահայտվում է մեր օրերում, երբ աշխարհը միաժամանակ վերապրում է երկու ճգնաժամ՝ հոգևոր և բնապահպանական: 

Հոգևորապես աղճատվող անձը առաջ է բերում բնության աղճատում, քանզի նա ընդունակ չէ դրական ազդեցություն թողնել աշխարհի վրա:

Մեղքերի մեջ ընկղմված մարդկությանը չեն օգնում և վիթխարի տեխնիկական հնարավորությունները, իսկ երբեմն էլ նույնիսկ վնաս են պատճառում: 

© Credo.am 2024. Բոլոր իրավունքները պաշտպանված են