Skip to content Skip to sidebar Skip to footer
ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

Միությունը հարգանքով է վերաբերվում լրագրողների աշխատանքին, ովքեր կանչված են հասարակության լայն շերտերին ապահովելու յուրաժամանակ տեղեկատվությամբ աշխարհում կատարվող իրադարձությունների մասին:

Հեռուստադիտողին, ունկնդրին, ընթերցողին իրազեկելը պետք է հիմնված լինի ոչ միայն ճշմարտության նկատմամբ անխախտ հավատարմության, այլ նաև անհատի և հասարակության բարոյական վիճակի մասին հոգածության վրա, որն իր մեջ ներառում է դրական իդեալների մատուցումը, ինչպես նաև չարիքի, մեղքի և արատի տարածման դեմ պայքարը:

ԶԼՄ-ները հանդիսանում են ոչ միայն տեղեկատվության աղբյուր, այլև` հասարակական գիտակցության, անձի բարոյական և աշխարհայացքային համոզմունքների ձևավորման գործիք: Այդ իսկ պատճառով Համագործակցության համար անհանդուրժելի են ԶԼՄ-ներով բռնության, թշնամության, ատելության, ազգային, սոցիալական և կրոնական խտրականությունների քարոզչությունը, ինչպես նաև մարդկային բնազդների մեղսալի շահագործումը , ստի տարածումը բացահայտ և քողարկված ձևերով :

ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ ԵՎ ԽԱՂԱՂԱՐԱՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Միությունը փոխգործակցում է աշխարհիկ ԶԼՄ-ների հետ, որպեսզի Ավետարանի պատգամը հասցնի հասարակության տարբեր խավերին:

«…Միշտ պատրա’ստ եղեք հեզությամբ ու երկյուղածությամբ պատասխան տալու ամենքին, ովքեր ձեր ունեցած հույսի մասին կհարցնեն» (Ա Պետր. 3.15):

Յուրաքանչյուր հոգևոր ծառայող կանչված է արժանի ուշադրությամբ վերաբերվելու աշխարհիկ ԶԼՄ-ների հետ կապերին` հովվական և լուսավորչական գործունեություն իրականացնելու, ինչպես նաև աշխարհիկ հասարակության մեջ եկեղեցական կյանքի և քրիստոնեական մշակույթի տարբեր կողմերի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու նպատակով:

ԶԼՄ-ների հետ հարաբերություններում հարկավոր է ցուցաբերել շրջահայացություն և հաշվի առնել կոնկրետ ԶԼՄ-ի դիրքորոշումը հավատքի և եկեղեցիների հանդեպ, ԶԼՄ-ի բարոյական ուղղվածությունը: Քրիստոնյաները կարող են աշխատել աշխարհիկ ԶԼՄ-ում` հասարակությանը մատուցելով նաև քրիստոնեական բարոյականության գաղափարները:

Եկեղեցիների և աշխարհիկ ԶԼՄ-ների համագործակցությունը ենթադրում է փոխադարձ պատասխանատվություն: Լրագրողին տրամադրվող և նրա կողմից լսարանին փոխանցվող տեղեկատվությունը պետք է լինի հավաստի: Հոգևոր ծառայողի՝ ԶԼՄ-ի միջոցով տարածվող տեսակետը պետք է համապատասխանի հասարակական հարցերի վերաբերյալ Միության ուսմունքին և դիրքորոշմանը: Իր հերթին` լրագրողը պետք է անաչառ լուսաբանի Միության գործունեությունը, չխեղաթյուրի հոգևոր ծառայողների կողմից տրամադրվող տեղեկատվությունը, ինչպես նաև ստույգ ներկայացնի Միության սկզբունքային մոտեցումները բարձրացված հարցերին:

ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Միության և աշխարհիկ ԶԼՄ-ների փոխհարաբերությունների ընթացքում կարող են բարդություններ և նույնիսկ լուրջ հակասություններ առաջանալ: Խնդիրները ծնվում են եկեղեցական կյանքի մասին ո’չ ճշգրիտ կամ թյուր տեղեկատվությունից, ո’չ պատշաճ համատեքստում այն հիշատակելուց, հասարակական դիրքորոշումը հեղինակի անձնական մոտեցումով փոխարինելուց: Միաժամանակ Համագործակցության և աշխարհիկ ԶԼՄ-ների միջև կարող են ծագել ավելի խոր սկզբունքային վեճեր: Դա տեղի է ունենում Աստծո անունը անարգելու, սրբապղծության այլ դրսևորումների, եկեղեցական կյանքի վերաբերյալ տեղեկատվության գիտակցված և կանոնավոր խեղաթյուրման, եկեղեցիների և հոգևոր սպասավորների մասին ակնհայտ չարախոսությունների պարագայում: Բոլոր դեպքերում բարդություններն ու հակասությունները պետք է լուծվեն ՀՀ գործող օրենսդրության համաձայն:

© Credo.am 2024. Բոլոր իրավունքները պաշտպանված են